2021 թ․ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի երևանյան գրասենյակը կազմակերպեց Երևանի շինությունների վրա պատկերելու համար որմնանկարների մրցույթ։ Արդյունքում ստացանք տասնյակ դիմումներ մեր առաջարկած երկու թեմաներով․ հետհամաճարակային ապագա և օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ժյուրին ընտրեց հետևյալ աշխատանքները, որոնք էլ պատկերվեցին Երևանի տարբեր մասերում։
Ստորև ձեզ ենք ներկայացնում պատկերված որմնանկարների մասին տեղեկատվությունը։
Տարոն Մանուկյան TARON MANUKYAN
Հետհամաճարակային ապագա
Կյանքը' մեր օրերում, այլևս երկատված է: Այն առաջվանը չի լինի, գոնե առաջիկա տարիների ապագայում: Համաճարագը կյանքը բաժանեց երկու մասի, թերևս ներկա սերդի համար: Կար անցյալը, կա համաճարակային ներկան և կլինի հետհամաճարակային ապագա, որը միանգամայն տարբեր է լինելու իր բնույթով: Համաճարակի ժամանակ ապագան կարծես կանգ է առել մարդկության մտքում, միայն այսօրն է տիրում' հիման, քանի որ ապագան անորոշ է: Հոդս ցնդեցին ապագայի մասին պատկերացումները: Սակայն, ապագան պրոեկտվում է ներկայում և ամեն բան դեռ առջևում է: Ապագան միշտ էլ փոփոխվող է, երկակի: Համաճարակից հետո այն արմատապես կլինի ուրիշ, իր կենսաձևով, մտածելակերպով, վարվեցողությամբ, և իհարկե տեխնոլոգիաներով: Համավարակից հետոյի կանխատեսելիք ապագան' տեխնոլոգիական ապագան է: Հետհամավարագային վիճակում ապագան իր տրամաբանական ընթացքը կունենա: Ինչպես և կյանքի բոլոր շրջափուլերում ապագան իր զարգացումն ինչ խոսք կունենա, մի փոքր այլ բովանդակային ու հոգեբանական տեսլականով: Նորը և հինը, երիտասարդությունն ու ծերությունը միշտ կհանդիպեն իրար, կառերեսվեն ու կհաջորդեն միմյանց, ինչ պայմաններ էլ լինեն: Մարդն ապրում է մեկ կյանք, սակայն տարբեր ընթացքներով: Անցյալն արդեն ապրված է, որի հետևում դրոշմվում են կնճիռներն ու խորշոմները, իսկ ապագան երիտասարդության դիմագծերում է:
Արթուր Սարյան ARTUR SARYAN
Հետհամաճարակային ապագա
Ձախակողմյան նկար
Փակ համազգեստով պատկերված անդեմ կերպարը անգույն, անպտուղ հողից պոկել է մի կտոր և պահում է այն իր ձեռքում: Այդ կորաձև հողակտորի վրա տեսանել է նորածիլ ծառի պատկեր: Եվ մարդը պատրաստվում է տանել այն, փրկել վերացումից և խնամել: Այսինքն փրկության հույսը տեսանելի է, և մարդը հաղթել է պանդեմիա կոչվող չարիքին:
Աջակողմյան նկար
Ամբողջովին փակ համազգեստով ներկայացված է անդեմ կերպար, ով կանգնած է ամայի և անպտուղ հողակտորի վրա: Բահը ձեռքին նա կանգնած նայում է նորաբողբոջ ծառին. երկարատև պանդեմիայից հետո այն կրկին ծիլ է տվել, ծաղկել է. նշանակում է կյանքը շարունակվում է: Սա կրում է հետաքրքիր խորհրդաբանություն. երկար ժամանակ անպտուղ հողը բերք է տվել, դարձել է երկնահաս, այսինքն Երկիր մոլորակը հաղթահարել է վարակի շղթան:
Գարիկ Ենգիբարյան – GARIK YENGIBARYAN
Արդարադատությունը բաց և փակ աչքերով
(Օրենքի առաջ բոլորը հավասար են)
Այս որմնանկարում պատկերված հին հունական արդարության աստվածուհի Թեմիսի դիմանկարը բաժանված է երկու մասի։ Մի հատվածում պատկերված է աստվածուհու դեմքը փակ աչքով, այն խորհրդանշում է արդարադատության գլխավոր սկզբունքը՝ անկողմնապահություն։ Մյուս հատվածում դեմքը բաց աչքով է, և խորհրդանշում է այդ սկզբունքի հականիշը։ Այս պատկերը ցույց է տալիս կողմնապահ և անկողմնապահ արդարադատության կոնտրաստը։ Քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նման հակասություն պետք է գոյություն չունենա։
Անուշ Ղազարյան – ANUSH GHAZARYAN
Օրենքի առաջ բոլորը հավասար են
«Քանոն» բառը, ըստ որոշ աղբյուրների, եկել է հունարեն κανών (kanṓn) բառից և նշանակում է օրենք։ Այդ առարկան օգտագործվում է ուղիղ գիծ նկարելու կամ ինչ-որ բանի սահմանները նշանակելու համար: Մարդկային հասարակությունն նույնպես ունի «քանոն», դա Սահմանադրությունն է, որի մեջ նույն սահման բառն է։ Սահմանադրությունում գրված են մարդկային հասարակության մեջ անթույլատրելի պահվածքի համար տույժերը և մարդկային անձի ազատության սահմանները։ Լավ սահմանադրությունը չպետք է ունենա ինքն իրեն հակասող դրույթներ։ Եթե օրենքի առաջ ոմանք ունեն առավելություն, ապա բոլորը ունեն նույն առավելության իրավունքը։ Օրենքի առաջ կամ հավասար են բոլորը, կամ ոչ մեկը։