#FEMALEFORWARDINTERNATIONAL
Հեղափոխություն` հանուն գործի
Հայ քաղաքական գործիչ, լրագրող և ակտիվիստ Գայանե Աբրահամյանն իր կյանքի երկար տարիները նվիրել է տարբեր գործերին` սկսած ընտանեկան բռնության մասին իրազեկության բարձրացումից մինչև վաղուց սպասված դատաիրավական բարեփոխումների խթանումը: «Ես ցույց եմ տալիս, որ ինչ-որ բան անելու համար չկան սահմանափակումներ կնոջ կամ որևէ մեկի համար», - ասում է նա:
Ծնված լինելով 1979 թվականին` նա այն սերնդից է, որը տեսել է ինչպես երկիրն անկախություն ձեռք բերեց 1991 թ.` դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից, սակայն հետո անընդհատ բախվեց մարտահրավերների: Նախքան քաղաքական դաշտ մտնելը և կենտրոնամետ «Իմ քայլը» դաշինքի անդամ դառնալը` Աբրահամյանը ձեռք էր բերել հայաստանյան լրագրողի և թղթակցի հեղինակություն: Լրատվության բնագավառում նա ունի երկու տասնամյակների փորձ: 2000-ականների կեսերին նա այն լրագրողներից էր, ով փորձում էր առաջ քաշել Հայաստանում ընտանեկան բռնության թեման և բարձրացնել խնդրի շուրջ իրազեկվածությունը:
«Իշխանություններից, սակայն, եղավ պատասխան, որ Հայաստանում բացարձակապես չկա ընտանեկան բռնություն: Այնուամենայնիվ, այն ոչ միայն կար, այլև բավականին տարածված էր և ընկալվում էր որպես ընտանեկան կյանքի սովորական մաս»:
2017 թ. ընդունվեց օրենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին: «Միայն վերջին երկու տարիների ընթացքում են մեկնարկել պետական ծրագրեր` ուղղված պաշտպանությանը և կանխարգելմանը: Այնուամենայնիվ, դեռ հսկայական աշխատանք կա անելու»:
Տարիներ շարունակ նա ակտիվորեն պայքարել է, որ լույս սփռի այդ խնդիրների վրա: Աբրահամյանը զբաղվել է մեդիա արշավներով և կրթական ծրագրերով, որոնցից մեկը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն է: «Որպես լրագրող, հասարակական կազմակերպության ղեկավար և պատգամավոր՝ ես անընդհատ միջոցներ եմ ձեռնարկել ոչ միայն տուժողներին պաշտպանելու, այլև բռնությունը կանխելու և դրա դեմ կրթության միջոցով պայքարելու համար»:
Նրա համար բեկումնային պահ եղավ Հայաստանի 2018 թ. հեղափոխությունը` լայնամասշտաբ բողոքի շարժումն ընդդեմ վարչապետ, նախկին նախագահ և երկար տարիներ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահության երրորդ ժամկետի: Շարժումը հանգեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն:
«Ես համաձայնեցի միանալ, քանի որ վստահ էի, որ սա պատմական հնարավորություն է մեր երկրի համար կառուցելու իրական ժողովրդավարություն: Հայաստանի քաղաքական դաշտ մտնելն ինքնին մարտահրավեր էր, քանի որ քաղաքական մշակույթը դեռ զարգացած չէր»:
«Իմ քայլը» դաշինքը հաղթեց 2021 թ. արտահերթ ընտրություններում: Աբրահամյանը պատմում է, որ նախկին քաղաքական ստատուս քվոն, որ ներկայում հանդես է գալիս որպես ընդդիմադիր ուժ, դեռ հսկայական ազդեցություն ունի երկրի լրատվական դաշտում: «Կեղծ լուրերի, մանիպուլյատիվ տեղեկատվության և ատելության խոսքի տարածումը կտրուկ ավելացել է, ինչը հաճախ հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարման: Սա կարող է սպառնալիք դառնալ ազգային և հասարակական անվտանգության համար: Անցյալ տարի ես, որպես պատգամավոր, նախաձեռնեցի
ԶԼՄ-ների ֆինանսական և սեփականության թափանցիկության մասին օրենքի նախագծի մշակումը, սակայն չհաջողվեց այն ընդունել»:
Արդյունքում սկսեցին Աբրահամյանին թիրախավորել և սպառնալ: «Երեք տարի շարունակ լինելով Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկը` ես ամենաշատն էի թիրախավորվում, ընտանիքս բազմիցս ենթարկվում էր ահաբեկման, և ստանում էի մահվան սպառնալիքներ: Ես սպասում էի նման մարտահրավերների և գիտեի, որ նախկին իշխանությունները ձգտելու են նենգ միջոցներով վրեժ լուծել»:
«Ինչ վերաբերում է արժեքներին, համակարգը դեռևս կրում է կոռումպացված ռեժիմի բոլոր սկզբունքները, որոնք մենք կարծում էինք թողել ենք հետևում, և դիմադրում է բոլոր հնարավոր փոփոխություններին: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ ակնհայտ դարձավ, որ մեր հեղափոխական թիմը նույնպես հետ է կանգնում իր ժողովրդավարական արժեքներից և սկզբունքներից: Ես խոստովանում եմ, որ ձախողել եմ այդ պայքարում»:
2020 թ. սեպտեմբերի 25-ին նա հայտարարեց իր հրաժարականի մասին, սակայն որոշեց մանդատը վայր չդնել, որովհետև 2020 թ. սեպտեմբերի 27-ին վերսկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների էթնիկ և տարածքային հակամարտությունը: Նա որոշեց մնալ և գործել, ինչպես նաև ղեկավարել հայկական պատվիրակությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում, որը ԵՄ կարևորագույն հարթակն է Արևելյան գործընկերության երկրների համար: «Ես ունեի լայն կապեր և տարբեր միջազգային հարթակներ, որոնց միջոցով կարող էի անդրադառնալ այդ խնդրին»:
Նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումից հետո նոյեմբերի 17-ին նա ներկայացրեց իր երկրորդ և վերջին հրաժարականը՝ ավելի մեծ հիասթափություն ապրելով այն բանից, թե որքան քիչ ազդեցություն է ունեցել որպես պատգամավոր:
Պատերազմի հետ առնչվել է իր գիտակից կյանքի մեծ մասում, հետևաբար լավ գիտի ինչ նշանակություն է այն ունեցել ժամանակակից Հայաստանի համար: Նա գտնում է, որ Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում, նույնիսկ այն պահերին, երբ թվում էր կա առողջ ժողովրդավարություն և հիմնարար ազատությունների անձեռնմխելիություն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարևոր դեր է ունեցել երկրի ինքնության ձևավորման համար: Հակամարտությունը և անկախության անցած 30 տարիները Աբրահամյանը դիտարկում է որպես մի պահ, երբ հասարակությունը պետք է մտածի`որտեղ է սխալվել և ինչ դասեր պետք է քաղի:
«Կանանց վրա ճնշումը մշտապես առկա է բոլոր ոլորտներում»: Աբրահամյանի կարծիքով այդ ճնշումն առավել նկատելի է քաղաքականության մեջ: «Ամենամեծ մարտահրավերն այն է, որ կանայք պետք է շատ ավելի բարձր նշաձող սահմանեն, քան տղամարդիկ: Կին հասարակական գործիչներին չեն ներվում նույնիսկ աննշան սխալները: Լինելով քաղաքականության մեջ ես հասկացա, որ հասարակությունն ավելի շատ պահանջում է կանանցից, սակայն նաև ավելի շատ վստահում է նրանց»:
Նա կարծում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գնալով մեծացել է վստահությունը կին քաղաքական գործիչների հանդեպ: «Սա նոր միտում է Հայաստանում, որը, հուսով եմ, ավելի կամրապնդվի»:
Այս միտումը նաև երևում է նրանից, թե ինչպես են իրեն երկրում ընկալում: «Ւմ հրաժարականից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել մարդկանցից, որոնք ոչ միայն ափսոսանք էին հայտնում, որ այլևս Խորհրդարանում չեմ, այլ նաև պնդում էին, որ պետք է շարունակեմ և հասնեմ երկրի առաջնորդի պաշտոնին: Տարիներ առաջ նրանք հաստատ նման բան չէին ասի»