#FEMALEFORWARDINTERNATIONAL
Հեղափոխություն` հանուն գործի
Լրագրող և նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատմում է` ինչպես է պայքարել հանուն Հայաստանի բարեկեցիկ ապագայի, դատաիրավական բարեփոխումների իրականացման և ընտանեկան բռնության մասին իրազեկության բարձրացման:
Հայ քաղաքական գործիչ, լրագրող և ակտիվիստ Գայանե Աբրահամյանն իր կյանքի երկար տարիները նվիրել է տարբեր գործերին` սկսած ընտանեկան բռնության մասին իրազեկության բարձրացումից մինչև վաղուց սպասված դատաիրավական բարեփոխումների խթանումը: Իր աշխատանքով նա մարտահրավեր է նետել երկրում տիրող ստատուս քվոյին և բախվել մերժող հռետորաբանության` հաճախ իշխանության շարքերում գտնվող ուժեղ տղամարդկանց կողմից: «Ես ցույց եմ տալիս, որ ինչ-որ բան անելու համար չկան սահմանափակումներ կնոջ կամ որևէ մեկի համար», - ասում է նա, և մինչ օրս նրա կատարած աշխատանքը և կյանքը վստահորեն օրինակն են այն բանի, թե ուր կարող է մարդ հասնել` անկախ միջավայրից, որը ոչ մի կերպ չի նպաստում քաղաքականության մեջ կանանց գործունեությանը:
Ծնված լինելով 1979 թվականին` նա այն սերնդից է, որը տեսել է ինչպես երկիրն անկախություն ձեռք բերեց 1991 թ.` դուրս գալով ԽՍՀՄ-ի կազմից, սակայն հետո անընդհատ բախվեց առողջ ժողովրդավարության հաստատման մարտահրավերներին: Եվ այս ամենը գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն այնպես են բռնկվում, որ թեև կարող են զարմացնել արևմտյան ընթերցողին, սակայն ցավալիորեն ծանոթ են հայ սերունդներին:
Նախքան քաղաքական դաշտ մտնելը և կենտրոնամետ «Իմ քայլը» դաշինքի անդամ դառնալը` Աբրահամյանը լրագրողի կարիերա էր կերտում մամուլում, առցանց և հեռուստատեսությամբ: Լրատվության բնագավառում նա ունի երկու տասնամյակների փորձ, 2008 թ. արժանացել է «Լավագույն քաղաքական լրագրող» մրցանակին և մասնակցել լրագրողների վերապատրաստման և մենթորության դասընթացներին: 2000-ականների կեսերին նա այն լրագրողներից էր, ով փորձում էր բարձրացնել Հայաստանում ընտանեկան բռնության թեման և խթանել այդ խնդրի շուրջ իրազեկվածությունը:
«Երբ 2006 թ. սկսեցի գրել ընտանեկան բռնության մասին, բացահայտել դեպքերի թիվը և պաշտոնյաներին խնդրել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, նրանցից ստացա պատասխան, որ Հայաստանում բացարձակապես չկա ընտանեկան բռնություն: Այնուամենայնիվ, այն ոչ միայն կար, այլև բավականին տարածված էր և ընկալվում էր որպես ընտանեկան կյանքի սովորական մաս»:
Աբրահամյանը սրտի խորքում ուրախ է, որ բացարձակ ժխտողականությունը փոխվել է որոշակի աստիճանի ճանաչման: 2017 թ. ընդունվեց օրենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին: «Միայն վերջին երկու տարիների ընթացքում են մեկնարկել պետական ծրագրեր` ուղղված պաշտպանությանը և կանխարգելմանը: Այնուամենայնիվ, դեռ հսկայական աշխատանք կա անելու: Դժվար է իրազեկել հանրությանը, որը շրջապատված է կեղծ լուրերով և մանիպուլյատիվ տպավորություններով, որոնք ստեղծվում են ազգայնական, պահպանողական խմբերի կողմից»:
Տարիներ շարունակ նա ակտիվորեն պայքարել է, որ լույս սփռի այդ խնդիրների վրա: Աբրահամյանը զբաղվել է մեդիա արշավներով և կրթական ծրագրերով, որոնցից մեկը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն է: «Որպես լրագրող, հասարակական կազմակերպության ղեկավար և պատգամավոր՝ ես միշտ խոսել եմ այս խնդրի մասին, միջոցներ եմ ձեռնարկել տուժողներին պաշտպանելու համար և կրթության միջոցով պայքարել եմ բռնության դեմ»: Կազմակերպության դիրքորոշման պատճառով ՀԿ-ի շենքը մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: «Բայց մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար գերակա խնդիր է, և մենք չենք հանձնվի»:
Երևանը մեկ օրում չի կառուցվել
Իր ծրագրերի մասին խոսելիս «առաջ և հետո» արդյունքը հստակ երևում է, իսկ բեկումնային պահը եղավ Հայաստանի 2018 թ. հեղափոխությունը` լայնամասշտաբ բողոքի շարժումն ընդդեմ վարչապետ, նախկին նախագահ և երկար տարիներ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահության երրորդ ժամկետի, ով ի վերջո հրաժարական տվեց: Ելնելով բողոքի ակցիաների զանգվածային և խաղաղ բնույթից` դրանք կոչվեցին Հայաստանի «թավշյա հեղափոխություն»: Շարժումը հանգեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն:
Բողոքի այս ալիքից հետո Աբրահամյանը որոշեց ակտիվ գործունեություն ծավալել քաղաքականության մեջ՝ մտածելով, որ այդ կերպ կարող է ավելի լուրջ ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում և նպաստել դատական համակարգի կայացմանը: «Ես համաձայնեցի միանալ, քանի որ վստահ էի, որ սա պատմական հնարավորություն է մեր երկրի համար կառուցելու իրական ժողովրդավարություն»: Նա գիտեր, որ նոր սկիզբը հեշտ չի լինելու: «Հայաստանի քաղաքական դաշտ մտնելն ինքնին մարտահրավեր էր, քանի որ քաղաքական մշակույթը դեռ զարգացած չէր, և դրանում առկա քրեաօլիգարխիկ տարրերը պահանջում էին հաստատակամ ջանքեր` որոշակի մշակույթի, մտածողության ձևավորման և քաղաքական հարցերի շուրջ բովանդակային քննարկումների զարգացման համար»:
Աբրահամյանի բազմամյա լրագրողական փորձը և վերջին տարիներին ստանձնած քաղաքական գործչի դերը մի կուսակցությունում, որին հաջողվել է հաղթել 2021 թ. արտահերթ ընտրություններում, օգնում են նրան Հայաստանի խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից: Նա պատմում է, որ նախկին քաղաքական ստատուս քվոն, որ ներկայում հանդես է գալիս որպես ընդդիմադիր ուժ, դեռ հսկայական ազդեցություն ունի երկրի լրատվական դաշտում: «Կեղծ լուրերի, մանիպուլյատիվ տեղեկատվության և ատելության խոսքի տարածումը կտրուկ ավելացել է, ինչը հաճախ հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարման: Սա կարող է սպառնալիք դառնալ ազգային և հասարակական անվտանգության համար: Անցյալ տարի ես, որպես պատգամավոր, նախաձեռնեցի ԶԼՄ-ների ֆինանսական և սեփականության թափանցիկության մասին օրենքի նախագծի մշակումը, սակայն չհաջողվեց այն ընդունել: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ խնդիրները չափազանց լուրջ են: Չկա թափանցիկություն»:
Նա գտնում է, որ քաղաքական համակարգը փոխելու շուրջ հռետորաբանությունը հաճախ քարկոծվում է հասարակության այն խմբերի կողմից, ովքեր, իր խոսքերով, ցանկանում են «կոռումպացված և ավտորիտար ռեժիմի վերականգնում»:
Վերջինս հանգեցրեց նրան, որ Աբրահամյանին սկսեցին թիրախավորել և սպառնալ՝ հիմնականում դատական համակարգի արդիականացման վերաբերյալ նրա ունեցած դիրքորոշման պատճառով: «Ես պատրաստ էի հակահարված տալու: Երեք տարի շարունակ լինելով Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկը` ես ամենաշատն էի թիրախավորվում, ընտանիքս բազմիցս ենթարկվում էր ահաբեկման, և ստանում էի մահվան սպառնալիքներ: Ես սպասում էի նման մարտահրավերների և գիտեի, որ նախկին իշխանությունները ձգտելու են նենգ միջոցներով վրեժ լուծել»:
Հեղափոխականի հրաժարականը
Եթե Աբրահամյանը նախապես պատկերացներ այս բոլոր մարտահրավերները, հետագայում անակնկալներ կլինեի՞ն: «Ես միայն մի բան չէի սպասում` որ ես ստիպված կլինեի պայքարել նաև կառավարման համակարգի ներսում»: Չնայած փոփոխություններին` նա տեսնում է, որ պետական կառավարման համակարգը դեռ մեծամասամբ բարեփոխված չէ` կառավարության անդամների և գաղափարների առումով: «Ինչ վերաբերում է արժեքներին, համակարգը դեռևս կրում է կոռումպացված ռեժիմի բոլոր սկզբունքները, որոնք մենք կարծում էինք թողել ենք հետևում, և դիմադրում է բոլոր հնարավոր փոփոխություններին: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ ակնհայտ դարձավ, որ մեր հեղափոխական թիմը նույնպես հետ է կանգնում իր ժողովրդավարական արժեքներից և սկզբունքներից: Ես խոստովանում եմ, որ ձախողել եմ այդ պայքարում»:
«Խորհրդարանում իմ մնալն անիմաստ էր, քանի որ անհնար էր իրականացնել իմ հիմնական նպատակը՝ դատաիրավական բարեփոխումները»: «Իմ քայլը» դաշինքում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները ստիպեցին նրան հրաժարական տալ 2020 թ. սեպտեմբերի 25 -ին:
Նա տեսավ, որ կուսակցությունն արդյունավետորեն չի զբաղվում դատաիրավական բարեփոխումների իրականացմամբ և, միևնույն ժամանակ, շրջապատված է անհատներով, ովքեր, ըստ նրա, տասնամյակներ շարունակ միայն լեգիտիմացրել են նախկին կոռումպացված համակարգը: Նա հայտարարեց իր հրաժարականի մասին, սակայն որոշեց մանդատը վայր չդնել, երբ 2020 թ. սեպտեմբերի 27-ին վերսկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների էթնիկ և տարածքային հակամարտությունը: Նա որոշեց մնալ և գործել: «Դա նաև հանրության պահանջն էր, քանի որ ես ղեկավարում էի հայկական պատվիրակությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում, որը ԵՄ կարևորագույն հարթակն է Արևելյան գործընկերության երկրների համար: Ես ունեի լայն կապեր և տարբեր միջազգային հարթակներ, որոնց միջոցով կարող էի անդրադառնալ այդ խնդրին»:
Պատերազմի ընթացքում խաղարարարի դերում
2020 թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցումից հետո նոյեմբերի 17-ին նա ներկայացրեց իր երկրորդ և վերջին հրաժարականը՝ ավելի մեծ հիասթափություն ապրելով այն բանից, թե որքան քիչ ազդեցություն է ունեցել որպես պատգամավոր: «Հրաժարականը նաև խորհրդարանական համակարգի անհասության հետևանքն էր: Որոշումներն ըստ էության կայացվում են մեկ անձի կողմից, և Խորհրդարանը միայն հաստատում է այդ որոշումները: Ստացվում է, որ Խորհրդարանը հիմնականում խնդիրներ բարձրացնելու, այլ ոչ թե դրանք լուծելու հարթակ է»:
Պատերազմի հետ առնչվել է իր գիտակից կյանքի մեծ մասում, հետևաբար լավ գիտի ինչ նշանակություն է այն ունեցել ժամանակակից Հայաստանի համար: Նա գտնում է, որ Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում, նույնիսկ այն պահերին, երբ թվում էր կա առողջ ժողովրդավարություն և հիմնարար ազատությունների անձեռնմխելիություն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարևոր դեր է ունեցել երկրի ինքնության, ընդհանուր քաղաքական դիսկուրսի, պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման փուլերի համար: Հակամարտությունը և անկախության անցած 30 տարիները Աբրահամյանը դիտարկում է որպես մի պահ, երբ հասարակությունը պետք է մտածի`որտեղ է սխալվել և ինչ դասեր պետք է քաղի: «Ամենակարևոր խոստովանությունը, որ պետք է անենք, այն է, որ ձախողել ենք ժողովրդավարական ինստիտուտները ստեղծելու և զարգացնելու, նրանց միջև իրական հավասարակշռությունն ապահովելու և ազատական ժողովրդավարությունը որպես երկրի զարգացման կատալիզատոր ամրապնդելու հարցերում»:
Կին լինելը հայկական քաղաքականության մեջ
«Հայ հասարակության մեջ դեռևս գերիշխում են կարծրատիպերը. կանանց վրա ճնշումը մշտապես առկա է բոլոր ոլորտներում»: Աբրահամյանի կարծիքով այդ ճնշումն առավել նկատելի է քաղաքականության մեջ: «Ամենամեծ մարտահրավերն այն է, որ կանայք պետք է շատ ավելի բարձր նշաձող սահմանեն, քան տղամարդիկ: Կին հասարակական գործիչներին չեն ներվում նույնիսկ աննշան սխալները, նրանցից պահանջվում է լինել շատ ավելի արհեստավարժ, շատ ավելի ակտիվ: Սա, իհարկե, ոչ միայն Հայաստանին է բնորոշ»: Չնայած մետաղադրամի մյուս կողմն էլ կա: «Լինելով քաղաքականության մեջ ես հասկացա, որ հասարակությունն ավելի շատ պահանջում է կանանցից, սակայն նաև ավելի շատ վստահում է նրանց: Վերջին մի քանի տարիների ընթացքում շարունակաբար մեծանում է վստահությունը կին քաղաքական գործիչների հանդեպ: Անցած տարի անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվողների 45 տոկոսը պատրաստ է տեսնել կնոջը որպես երկրի առաջնորդ: Սա նոր միտում է Հայաստանում, որը, հուսով եմ, ավելի կամրապնդվի»:
Այս միտումը նաև երևում է նրանից, թե ինչպես են իրեն երկրում ընկալում: «Ւմ հրաժարականից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել մարդկանցից, որոնք ոչ միայն ափսոսանք էին հայտնում, որ այլևս Խորհրդարանում չեմ, այլ նաև պնդում էին, որ պետք է շարունակեմ և հասնեմ երկրի առաջնորդի պաշտոնին: Տարիներ առաջ նրանք հաստատ նման բան չէին ասի»: